Հայաստանը Համաշխարհային բանկի հուսալի գործընկերն է. ֆինանսների նախարարը հանդիպել է ՀԲ պատվիրակության հետ  

Armenpress 20:30, 6 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Հյուսիսային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի և ՀԲ Երևանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀՀ կառավարություն - Համաշխարհային բանկ համագործակցության ընթացքին և հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ է եղել Հայաստանի Հանրապետության հետ Համաշխարհային բանկի ռազմավարության առաջնահերթություններին և ընթացիկ ծրագրերին` ուղղված պետական հատվածի, հանրային ֆինանսների կառավարման ոլորտի, ինչպես նաև հարկային և մաքսային վարչարարության բարելավումներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարությունից, նախարարը, ողջունելով հյուրերին, բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ ծավալված արդյունավետ համագործակցությունը և վերահաստատել կառավարության պատրաստակամությունը՝ ամրապնդելու փոխգործակցությունը և ընդլայնելու համագործակցության շրջանակները:

Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենն իր հերթին շնորհավորել է Տիգրան Խաչատրյանին  պաշտոնում նշանակվելու առթիվ՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք: Պարոն Մոլիեուսն ընդգծել է, որ Հայաստանը Համաշխարհային բանկի հուսալի գործընկերն է և լավագույն երկրներից է՝ վարկային պորտֆելի կատարողականի առումով: Նա վստահեցրել է, որ ՀԲ-ն կշարունակի աջակցել ՀՀ կառավարությանը բարեփոխումների իրականացման գործում և հասնել գործընկերային ավելի բարձր մակարդակի:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am