Արցախի Հանրապետության ԱԳՆ-ում տեղադրվել է 44-օրյա պատերազմում զոհված Երվանդ Հաջիյանի հուշատախտակը

Armenpress 18:12, 3 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունում սեպտեմբերի 3-ին տեղի է ունեցել  Արցախյան երրորդ պատերազմում նահատակված  ԱԳՆ Սփյուռքի բաժնի պետ Երվանդ Հաջիյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման արարողությունը։ «Երվանդ Հաջիյանին Արցախում գիտեն որպես հայրենասեր, պարկեշտ անձնավորություն, ով բարձր արհեստավարժությամբ է կատարել իր աշխատանքային պարտականությունները, ապրել է հայրենիքի հոգսերով ու խնդիրներով»,-  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իր խոսքում նշել է ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:   Տոկունություն և համբերություն մաղթելով Երվանդ Հաջիյանի ընտանիքի անդամներին և հարազատներին՝ նախարարն ընդգծել է, որ հայրենիքի նվիրյալների հիշատակը միշտ վառ կմնա հայրենակիցների սրտերում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am