«իԳործ». 5 սփյուռքահայ մասնագետ կաշխատի ԿԳՄՍ նախարարությունում

Armenpress 17:20, 3 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրի շրջանակում այս տարի կընդունի 5 սփյուռքահայ մասնագետի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նրանցից Մարինա Ներսեսյանը և Հակոբ Մակդիսն այսօր առաջին աշխատանքային հանդիպումն են ունեցել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի հետ: Ողջունելով և բարի երթ մաղթելով գերատեսչության նոր աշխատակիցներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է, որ նրանք մեկ տարվա աշխատանքի արդյունքում կարող են իրենց ներդրումն ունենալ պետական համակարգի բարեփոխումների գործում:

«Հայաստանի Հանրապետության հանրային կառավարման ոլորտի բարեփոխումների համատեքստում այս ծրագիրը շատ կարևոր բաղադրիչ է: Այն օգնում է սփյուռքի մասնագիտական ներուժն ուղղել Հայաստանին: Սա հնարավորություն է պետական համակարգի աշխատանքը ներսից տեսնելու և այն բարեփոխելու գործում ներդրում ունենալու տեսանկյունից: Ծրագիրը նաև հայրենասիրության դրսևորում է, քանի որ շատերը, վստահաբար, թողնում են ավելի լավ պայմաններ և գալիս Հայաստան»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ ծրագրի մասնակիցներից յուրաքանչյուրն իր  ուրույն մասնակցությունը կունենա գերատեսչության աշխատանքներին.

«Մասնակիցները տարբեր երկրներից են, ինչը նշանակում է՝ ունենալու ենք 5 տարբեր փորձառություն և աշխատելաոճ: Լիահույս ենք, որ բոլորի գործունեությունը կհաջողվի: Նախարարությունը կանի հնարավորը, որպեսզի ծրագրի մասնակիցներից յուրաքանչյուրն արագ ինտեգրվի աշխատակազմին»:

Ծրագրի ղեկավար Լիանա Սիմոնյանը հույս է հայտնել, որ սփյուռքահայ մասնագետները նախարարությունում լիովին կիրացնեն իրենց ներուժը: Նա մասնակիցներին խնդրում է կենտրոնանալ ոչ թե ակնկալիքների, այլ մտադրությունների վրա:

Յուրօրինակ կոչ հղելով սփյուռքին՝ ծրագրի մասնակիցը շեշտել է.

«Մենք չենք կարող Հայաստանը սիրել միայն խոսքերով, պետք է գալ հայրենիք, աշխատել և ներդրում ունենալ հանրապետության զարգացման գործում»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am