Գնդակը Թուրքիայի դաշտում է, այդ երկիրը պետք է քայլ ձեռնարկի առանց Հայաստանից որևէ բան ակնկալելու. Էստուկյան

Armenpress 16:35, 3 Սեպտեմբեր, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առումով գնդակը շարունակում է մնալ Թուրքիայի դաշտում, և Թուրքիան է, որ պետք է քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ակօս» շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր և հեղինակ Բագրատ Էստուկյանը՝ անդրադառնալով վերջին շաբաթներին Երևանի և Անկարայի միջև,այսպես ասած, «դրական ազդակների» փոխանակմանը:

Պոլսահայ լրագրողը շեշտեց, որ իր համոզմամբ՝ Հայաստանը այս պահին Թուրքիայի հետ բանակցելու և մանավանդ սակարկության սեղան նստելու կարիք չունի, քանի որ Թուրքիան է հրաժարվել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից և Թուրքիան է միակողմանիորեն փակել սահմանը: Հետևաբար, ինքն էլ պետք է առաջընթաց արձանագրի այս հարցում՝ առանց հայկական կողմից որևէ բան ակնկալելու:

«Այս օրերին Էրդողանը խոսում է հնգակողմ համաձայնության մասին՝ նկատի ունենալով Հայաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը, և չի բացառում, որ 6-րդ գործոնն էլ կարող է լինել Վրաստանը: Մինչդեռ մեր խնդիրը երկկողմանի է: Այդ խնդիրը հետևյալն է. Հայաստանի անկախացումից անմիջապես հետո Թուրքիան, պաշտոնապես ճանաչելով Հայաստանի Հանրապետությունը, հրաժարվել է դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Ուրեմն, այս առումով գնդակը իր կիսաադաշտում է, ինքը պետք է այդ ուղղությամբ քայլ ձեռնարկի: Նույն հաջողությամբ, Արցախյան պատերազմը պատճառաբանելով՝ Թուրքիան փակել է Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը: Այդ մասին էլ պետք է, որ ինքը առաջընթաց արձանագրի՝ առանց մեզնից որևէ բան ակնկալելու, որովհետև այդ սահմանները բանակցություններով չէ, որ փակվել են, պարզապես Թուրքիայի միակողմանի որոշումով են փակվել: Այսօր, եթե պիտի վերաբացվեն, դարձյալ իր միակողմանի որոշումն է: Մեզ հետ բանակցելու նյութ չկա: Հետևաբար, մենք Թուրքիայի հետ բանակցելու և մանավանդ սակարկության սեղան նստելու կարիք բնավ չունենք», -  ասաց Բագրատ Էստուկյանը:

Պոլսահայ մեկնաբանի խոսքով՝ Էրդողանի ասածը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Հայաստանում շատ ավելի լայն արձագանք ստացավ, քան Թուրքիայում: Ընդ որում, զրուցակիցը շեշտեց, որ Թուրքիայի նախագահի այդ խոսքերը, թե Անկարան պատրաստ է աշխատել Հայաստանի հետ հարաբերությունները աստիճանաբար կարգավորելու ուղղությամբ, ոչ թե պատրաստված, ծրագրված հայտարարություն էր, այլ պարզապես լրագրողի հարցին հանպատրաստից տված պատասխան:

«Նախագահ Էրդողանի ասածները ծրագրի մասին չէին: Ավելի շատ նա տրամադրություն հայտնեց և այդ տրամադրությունը նախապես էր հայտնել 44-օրյա պատերազմի ավարտին՝ ասելով, որ հետզհետե կարգավորվեն այդ հարաբերությունները Կովկասում և, անշուշտ, Հայաստան-Թուրքիա հարաբերություններն էլ՝ նույնպես: Եվ սակայն որևէ հստակ քայլ արտաքին  նախարարության սահմանմամբ մինչև այսօր չենք նկատել: Հետևաբար, մենք շատ լուրջ չենք ընդունել այդ հայտարարությունը: Դա ինչ-որ զարգացման բացահայտում չէր, այլ պարզապես տրամադրության բացահայտում», - մեկնաբանեց «Ակօս»-ի խմբագիրը:

Ըստ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրի՝ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը առանց նախապայմանների: Հնգամյա ծրագրում նշվում է, որ Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, փակ սահմանները, ինչպես և Թուրքիայի բացահայտ ներգրավվածությունը 2020 թ. 44-օրյա պատերազմում բացասական ազդեցություն են ունենում տարածաշրջանի խաղաղության և կայուն զարգացման վրա։

Օգոստոսի 26-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Թուրքիայում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե Արցախյան վերջին պատերազմից հետո տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ առաջընթացի նոր հնարավորություններ են ստեղծվել, և եթե «Հայաստանը դրականորեն արձագանքի այդ հնարավորություններին», Թուրքիան էլ կանի անհրաժեշտ քայլեր:

Օգոստոսի 27-ի կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ տարածաշրջանային խաղաղության տեսանկյունից  որոշակի դրական հրապարակային ազդակներ կան Թուրքիայի կողմից:«Մենք այդ ազդակները կգնահատենք և դրական ազդակներին դրական ազդակով կպատասխանենք»,- ասել էր ՀՀ վարչապետը։

Օգոստոսի 29-ին լրագրողներից մեկը Թուքիայի նախագահից հետաքրքրվել է՝ ինչպե՞ս է Անկարան արձագանքում Հայաստանի վարչապետի հայտարարությանը, ինչին ի պատասխան Էրդողանն ասել է, որ Թուրքիան պատրաստ է աշխատել Հայաստանի հետ հարաբերությունները աստիճանաբար կարգավորելու ուղղությամբ՝ միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման հիման վրա: Միաժամանակ Էրդողանը ակնարկել է, թե «անցյալի պատմությունը չպետք է թշնամանքի աղբյուր լինի»:

«Միակողմանի մեղադրանքների փոխարեն պետք է գերակշռեն հեռանկարային, իրատեսական մոտեցումները: Մենք կարող ենք աշխատել աստիճանաբար կարգավորել մեր հարաբերությունները Հայաստանի կառավարության հետ, որը հայտարարել է, որ պատրաստ է շարժվել այս ուղղությամբ: Այժմ մենք պետք է խաղաղությունն ու կայունությունը դարձնենք մշտական և պայմաններ ապահովենք տնտեսական զարգացման և տարածաշրջանային համագործակցության համար: Եթե նույնիսկ կան տարաձայնություններ՝ հարևանների հետ հարաբերությունները պետք է զարգացնել տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը հարգելու հիման վրա»,- ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը նաև անդրադարձել է այսպես կոչված «Վեցի հարթակ»-ին, որին կարող են մասնակցություն ունենալ Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը, Հայաստանը, Վրաստանը։ Նրա խոսքով՝ եթե այդպիսի հարթակի կազմակերպումը հնարավոր դառնա, տարածաշրջանում շատ ավելի հանգիստ կլինի։

 

Արամ Սարգսյան

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am