ՀՀ պաշտպանության նախարարն ու Չինաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցությունը

Armenpress 18:17, 30 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 30-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունի հետ:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում ՉԺՀ դեսպանության պաշտպանական հարցերով ռազմական կցորդ, ավագ գնդապետ Սուն Ցզիլունը և նրա օգնականը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանը շնորհավորել է Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարարի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և  նորանոր հաջողություններ մաղթել  պատասխանատու պետական առաքելության մեջ:

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը դեսպան Ֆան Յունին տեղեկացրել է տարածաշրջանային իրադրության մասին և ներկայացրել ՀՀ սահմանամերձ շրջաններում վերջին օրերի զարգացումները:

Կողմերը բարձր են գնահատել հայ-չինական փոխգործակցությունը քաղաքական, տնտեսական, հումանիտար, կրթական և այլ ոլորտներում: Քննարկվել է նաև պաշտպանական բնագավառում երկկողմ  համագործակցության ընթացքն ու ապագա ծրագրերը:

 

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am