ԱԺ նախագահը քաղաքացիներից ներողություն խնդրեց միջադեպի համար. նիստում ընդմիջում հայտարարվեց

Armenpress 11:21, 25 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լարված իրավիճակից հետո ներողություն խնդրեց ՀՀ քաղաքացիներից:

«Ուզում եմ բոլորի կողմից ներողություն խնդրել ՀՀ քաղաքացիներից նման իրավիճակին ականատես լինելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սիմոնյանը: ԱԺ նախագահը հայտարարեց ընդմիջում մինչև 12:00-ն: Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հերթական տհաճ միջադեպն է գրանցվել: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ, երբ նա հայտարարեց, որ բոլոր պաշտպանության նախարարները, որոնց ժամանակ փողով կամ զանգով բանակից մարդ է ազատվել, հայրենիքի դավաճաններ են, նրա վրա դահլիճից շիշ շպրտեցին: Իրավիճակը լարվեց, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը անվտանգության աշխատակիցներին հրավիրեց դահլիճ և ընդմիջում հայտարարեց:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am