Հայաստանը Արցախին հատկացրել է ավելի քան 82 միլիարդ դրամի աջակցություն

Armenpress 14:06, 24 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արցախի հետպատերազմական վերականգնումը, տնտեսական կյանքի աշխուժացումը, տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծումը, մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը լինելու են Կառավարության ուշադրության կենտրոնում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի բարձր ամբիոնից այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ջանք չի խնայվելու Արցախում արժանապատիվ և բարեկեցիկ կյանքի պայմաններ ստեղծելու համար: Այս նպատակին Կառավարությունը հասնելու է Արցախի իշխանությունների հետ համատեղ համագործակցության խորացման, ինչպես նաև Արցախի հետ գործակցության նոր ձևաչափերի ստեղծման միջոցով»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հիշեցրեց 2020 թվականի նոյեմբերի 18-ին իր հրապարակած ճանապարհային քարտեզը, որում, մասնավորապես, նշել էր Արցախին աջակցելու կարևորության մասին:

«Պետք է ընդգծեմ, որ նոյեմբերի 18-ի ճանապարհային քարտեզի հրապարակումից հետո Արցախի կառավարությանը և Արցախի քաղաքացիներին աջակցելու նպատակով ՀՀ կառավարության կողմից այս ընթացքում իրականացվել են շուրջ 20 միջոցառումներ: Այս պահի դրությամբ կառավարության կողմից Արցախին հատկացվել է 82 միլիարդ 863 դրամ, որից փաստացի գումարը հասել է շահառուներին 77 միլիարդից ավելին»,- եզրափակեց Փաշինյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am