Վահագն Խաչատուրյանը և ՀՀ-ում Չինաստանի դեսպանը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության հնարավորությունը

Armenpress 13:50, 24 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը օգոստոսի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի գլխավորած պատվիրակությանը:

Կարևորելով Չինաստանի մեծ դերն ու փորձը համաշխարհային տնտեսության և բարձր տեխնոլոգիաների զարգացման գործում՝  նախարարը նշել է, որ երկկողմ համագործակցության զարգացումը Հայաստանի համար շատ կարևոր է:

Հաշվի առնելով ՀՀ կառավարության ծրագրերում շեշտադրվող տնտեսության արդյունաբերականացման հանգամանքը՝ նախարարը նշել է, որ ԲՏԱ նախարարությունը մասնավոր սեկտորին աջակցություն է տրամադրում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության մեջ կայանալու և ամրապնդվելու նպատակով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարությունից հայտնում են, որ Վահագն Խաչատուրյանը համոզմունք է հայտնել՝ այս առումով ևս անգնահատելի է Չինաստանի հարուստ փորձը, որը գյուղատնտեսական երկրից կարճ ժամանակում առաջատար տեխնոլոգիական երկիր է դարձել։

«Մեր երկիրը հայտնվել է մի իրավիճակում, երբ կարիք կա փոխելու տնտեսության զարգացման տրամաբանությունը: Ներմուծող երկրից պետք է դառնանք արտահանող երկիր, այդ թվում՝ նաև առաջատար տեխնոլոգիական առումով»,- նշել է նախարարը:

Չինաստանի դեսպանը շնորհավորել է նախարարին նոր պաշտոն ստանձնելու առիթով և ընդգծել, որ Չինաստանի արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ ՀՀ ԲՏԱ նախարարության համագործակցության զարգացումը շատ հեռանկարային է համարում։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am