Հայաստանյայց առաքելական եկեղեցին մնում է մեր ինքնության կարևորագույն հիմնասյուներից մեկը. ՀՀ նախագահի ուղերձն Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Armenpress 20:41, 20 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարք, Նորին Սուրբ Օծություն Տեր-Տեր Գարեգին Երկրորդին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է.«Վեհափառ Տեր,Ձեր ծննդյան օրվա նախօրեին Ձեզ եմ հղում առողջության ու արևշատության իմ ջերմ բարեմաղթանքները:Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին եղել և մնում է մեր ազգային ինքնության կարևորագույն հիմնասյուներից մեկը, մեզ միավորող առանցքը, մեր հավատքի, պատմության ու ավանդույթների շարունակական ներկայությունն ապահովողը մեր արժեհամակարգում, մեր մշակույթում, մեր ներաշխարհում:Ձեր հայրապետության շուրջ 22 տարիների ընթացքում մեր եկեղեցական կյանքն աշխուժություն է ապրում՝ անցյալի արժևորմամբ, ներկայիս գործունեությամբ և ապագայի տեսլականով: Անցնող 22 տարիները Հայ եկեղեցու համար եղել են զորացման, բարեփոխման, եկեղեցաշինության տարիներ: Այդ ընթացքում ձեռնարկվել են քայլեր՝ միտված Հայ եկեղեցու առաքելությունն առավել արդյունավետ դարձնելուն և եկեղեցական կյանքը կանոնակարգելուն:Որպես Ամենայն հայոց կաթողիկոս Ձեր գահակալության հատկապես այս վերջին տարիները համընկնում են մի ժամանակահատվածի, երբ մեր երկիրն ու ժողովուրդը անցնում են բազում դժվարությունների ու փորձությունների միջով:Ցանկացած դժվարին իրավիճակ հաղթահարելու մեկ ճանապարհ կա՝ միասնությունը: Ներկայիս արագ փոփոխվող աշխարհում մարդկությունն ի թիվս այլ ճգնաժամերի, նաև ինքնության ճգնաժամ է ապրում: Առկա մարտահրավերներն ու խնդիրներն առավել քան կարևոր են դարձնում համախմբումը հոգևոր ու բարոյական արժեքների շուրջ, որոնք մնայուն են նաև մեր եկեղեցու շնորհիվ:Մեր ժողովուրդը կարիք ունի հույսի, հավատի և վստահության, կարիք ունի բարոյական մաքրության, համերաշխ ու միասնական կեցության, փոխադարձ հարգանքի ու հանդուրժողականության, կարիք ունի վերածննդի ու վերարժևորման: Գնահատելի է, որ, մխիթարության, ոգևորումի և աջակցության խոսքերի հետ մեկտեղ, որպես հայրենասիրության յուրատեսակ դաս, այս մասին հնչեցվում է նաև Վեհափառի կողմից:Թող Ձեր հայրապետական հոգածությունն այսուհետ ևս աջակից և սատար լինի մեր երկրին ու ժողովրդին՝ ի շահ մեր Հայրենիքի և աշխարհասփյուռ հայության, ժողովուրդ-պետություն-եկեղեցի փոխհարաբերությունների ամրապնդման:Մաղթում եմ Ձեզ հոգու ամրություն և ամենայն բարիք»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am