Արարատ Միրզոյանն ու Դավիթ Բաբայանն ընդգծել են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը վերսկսելու անհրաժեշտությունը

Armenpress 15:17, 20 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ Դավիթ Բաբայանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի և Արցախի համար կարևոր ժամանակաշրջանում արտգործնախարարի պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։

Արարատ Միրզոյանը և Դավիթ Բաբայանն ընդգծել են Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև հաստատված արդյունավետ համագործակցության հետագա զարգացման ու պարբերական խորհրդակցությունների անցկացման կարևորությունը:

Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրին՝ Հայաստանի և Արցախի ԱԳՆ ղեկավարներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման և համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը։

Զրուցակիցները քննարկել են ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և Արցախում հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ տեղում գործադրվող ջանքերը։

Շեշտվել է Հայաստանի և Արցախի սահմաններին ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող սադրիչ գործողությունների անթույլատրելիությունը, ինչը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային խաղաղության ու կայունության համար։

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am