Կալիֆորնիայի պետական աշխատողների կենսաթոշակային համակարգը սահմանափակում է իր ակտիվները Թուրքիայում

Armenpress 16:50, 19 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սենատորներ Էնթոնի Պորտանտինոն և Սքոթ Վիլկը օգոստոսի 18-ին հայտարարել են Կալիֆորնիայի պետական աշխատողների կենսաթոշակային համակարգի (CalPERS) որոշման մասին,  որով սահմանափակվում է վերջինիս ներդրումներն ու ակտիվների քանակը։ CalPERS- ը Միացյալ Նահանգներում գործող խոշորագույն պետական կենսաթոշակային համակարգն է, և նրա արտաքին ակտիվները կարևոր նշանակություն ունեն օտար պետությունների տնտեսությունների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից տեղեկացնում են, որ այս առիթով Հայ դատի Արևմտյան Ամերիկայի հանձնախմբի նախագահ Նորա Հովսեփյանն ընդգծել է.

«ԱՄՆ-ի քաղաքականությանը համապատասխան, որը մերժում է Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը, CalPERS-ի որոշումը՝ հրաժարվել թուրքական կառավարության ներդրումներից, իր բնույթով համարձակ է և սկզբունքային։ Այս արդյունքի համար մենք երկար ժամանակ ենք աշխատել։ Մենք երախտապարտ ենք սենատոր Էնթոնի Պարանտինոյին այս աշխատանքն առաջնորդելու համար և անհամբերությամբ սպասում ենք նմանատիպ այլ հաջողությունների, որոնցով քանդվում են ժխտողականության պատերը»։

Կալիֆորնիայի պետական կենսաթոշակային ֆոնդերի կողմից թուրքական ներդրումներից հրաժարվելու գործընթացը սկսվել է ավելի վաղ։ Մասնավորապես CalPERS-ի քայլին նախորդել էր «Ուսուցիչների կենսաթոշակի պետական համակարգի» (CalSTRS) նույնաբնույթ դիրքորոշումը: Դրա մասին 2021 թ․ հունիսի 16-ին հայտարարվեց Գլենդելի Արցախի պողոտայում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում։ Հենց դրա ընթացքում էլ սենատոր Պարանտինոն նույն քայլին դիմելու կոչ հղեց CalPers-ին, որն էլ իր հերթին արձագանքեց օգոստոսի 18-ին։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am