Հայաստանում կստեղծվի արտաքին հետախուզական ծառայություն

Armenpress 16:29, 18 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա հինգ տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում կստեղծվի արտաքին հետախուզական ծառայություն:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագիրը:

«Այս ծրագրում ընդգծել ենք, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում կստեղծվի արտաքին հետախուզական ծառայություն»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ Հայաստանի համար անվտանգության ապահովման կարևորագույն գործոն է նաև տնտեսական զարգացումը և սոցիալական կայունությունը:

«Այս առումով կարևորում ենք ունենալ զարգացող և հարկունակ տնտեսությունը, որը կգոյացնի այն ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են Հայաստանի և Արցախի անվտանգությունը ապահովելու համար: Նման ռեսուրսներ կարող է ապահովել միայն բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, արտադրողական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված, ներառական տնտեսությունը»,- ասաց Փաշինյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am