Արմավիրի մարզում շրջիկ ցիստեռնից գնված ջուրը աղիքային վարակի պատճառ է դարձել

Armenpress 17:21, 13 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը 2021 թվականի օգոստոսի 11-ին, ժ. 23։30-ի սահմաններում, «Արմավիր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել Արմավիրի մարզի Խանջյան համայնքից 8 բնակչի` աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով (լուծ, փսխում, ջերմություն) դիմելու վերաբերյալ, որոնցից 6-ը հոսպիտալացվել է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից  և մանրամասնում, որ համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է՝ բոլոր տուժածներն օգտագործել են օգոստոսի 9-ին շրջիկ ցիստեռնից գնված ջուր։ Բնակչության շրջանում կատարվել են իրազեկման աշխատանքներ (զգուշացվել է այդ ջուրը չօգտագործելու մասին)։

2021 թվականի օգոստոսի 12-ին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից իրականացված բակային համայցերի արդյունքում աղիքային հիվանդությանը բնորոշ գանգատներով հայտնաբերվել է ընդհանուր թվով 31 անձ, որոնցից 5-ը ևս հոսպիտալացվել է, իսկ մյուս պացիենտների նկատմամբ սահմանվել է բժշկական հսկողություն:

Արդյունքում, օգոստոսի 13-ի դրությամբ, «Արմավիր» բժշկական կենտրոնում շարունակում է բուժումը 8 պացիենտ, որոնց առողջական վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության, դրական դինամիկայով։

Համաճարակաբանական հետազոտությունների ընթացքում կատարվել է պացիենտներից կենսանմուշների և ջրի նմուշառում՝ մանրէաբանական հետազոտության համար:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am