Մեկնարկել է Գյումրի-Կապս-Ամասիա հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումը

Armenpress 16:48, 13 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել է Հ-32, /Մ-1/ (Գյումրի)-Կապս-Ամասիա-/Մ-1/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 10 կմ ընդհանուր երկարությամբ երկու հատվածի (կմ 20+900 - կմ 22+700 և կմ 23+000 –կմ 31+200) հիմնանորոգումը։ Ճանապարհն անցնում է Շիրակի մարզի Ամասիա, Բանդիվան, Ցողամարգ բնակավայրերով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հիմնանորոգման շրջանակներում այս պահին կատարվում են հողային աշխատանքներ, կամրացվեն կողային առուները, կտեղադրվի ասֆալտբետոնե ծածկ, կկառուցվեն ջրահեռացման համակարգեր և այլն։

Ճանապարհի անվտանգության միջոցառումներ կձեռնարկվեն հիմնանորոգվող ամբողջ հատվածի երկայնքով։ Կիրականացվի նշագծում, ճանապարհային նշանների, արգելափակոցների տեղադրում։ Կվերանորոգվի նշված հատվածում գտնվող 6 կամուրջ։

Կապալառուն է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն։ Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Հիմնանորոգման աշխատանքները կնպաստեն, որպեսզի երթևեկությունն առավել անվտանգ դառնա։ Բարելավված ճանապարհը կհեշտացնի տարածաշրջանի զբոսաշրջային ներուժի լիարժեք օգտագործումը, հարակից բնակավայրերի համար կլուծի նաև սոցիալ-տնտեսական բազմաթիվ խնդիրներ:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am