Արցախյան պատերազմների մասնակիցների համար տեխնոլոգիական 16 ուղղություններով անվճար դասընթացներ կանցկացվեն

Armenpress 10:54, 13 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարունակվում է «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» 2021 ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական 16 ուղղություններով դասընթացների հայտագրման գործընթացը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հասարակության հետ կապերի բաժնից:

Բոլոր ուղղություններով դասընթացներն արդեն մեկնարկել են, ծրագրին, ընդհանուր առմամբ, դիմել է 2 291 մարդ։

Կրթական ուղղություններն անվճար հասանելի են արցախյան պատերազմների մասնակիցների համար։ Բոլոր նրանց համար, ովքեր կհաղթահարեն ընդունելության փուլը, դասընթացները կլինեն անվճար. ուսանողի կողմից վճարվող վարձավճարը կփոխհատուցի հաղթող կազմակերպությունը:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ողջ տարածքում իրականացնել ոլորտի շուրջ 4 500 սկսնակ ու միջին մակարդակի մասնագետների ուսուցման առցանց դասընթացներ:

Մասնակիցների ընդունելության և ավարտական քննությունների միջինացված միավորի հիման վրա Երևանում՝ 30-70%, մարզերում և Արցախի Հանրապետությունում՝ 40-80%-ի չափով պետության կողմից կֆինանսավորվի ուսման վարձը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am