Զրոյից բիզնես ստեղծելու գաղափարների իրագործման 19-րդ միջոցառման հայտերի ընդունումը շարունակվում է

Armenpress 13:44, 29 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շարունակվում են ՀՀ կառավարության կողմից ընդունված Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառման աշխատաքները։ Ծրագրի նպատակն է ընդլայնել ձեռնարկատիրական գիտելիքները և բարձրացնել ֆինանսական միջոցների հասանելիությունը ձեռնարկատիրությամբ զբաղվել ցանկացողների համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ ավելի շատ մրցունակ գործարար ծրագրեր ունենալու համար կարևոր է ոչ միայն սկսնակ ձեռներեցներին ֆինանսական աջակցության տրամադրումը, այլ նաև դրան զուգահեռ ձեռնարկատիրական գիտելիքի ձևավորումը։ Մինչ օրս շուրջ 305 հայտատու մասնակցել է միջոցառման շրջանակներում իրականացվող ձեռնարկատիրական գիտելիքի ընդլայնման դասընթացներին։ Նրանց մի մասն արդեն վարկավորվել է՝ առանց գրավադրման, արտոնյալ պայմաններով։

19-րդ միջոցառումից կարող են օգտվել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ցանկություն ունեցող անձինք և ՀՀ տարածքում մինչև 3 տարի գրանցված այն կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ մանրածախ և մեծածախ առևտրի ոլորտում գործունեության), որոնք ՓՄՁ սուբյեկտ են, աջակցության հայտ ներկայացնելու օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում ունեցել են բարվոք հարկային և վարկային պատմություն, գործունեությունն առավելապես իրականացնում են ՀՀ մարզերում,  չեն հանդիսացել պետական ֆինանսական աջակցության շրջանակում «Ներդրումների աջակցման կենտրոն» (ՆԱԿ)՝ նախկինում «ՓՄՁ ԶԱԿ» հիմնադրամի շահառու:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am