Անահիտ Ավանեսյանը խոսեց «Moderna» պատվաստանյութը Հայաստան ներկրելու հնարավորության մասին

Armenpress 15:42, 26 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը մանրամասներ հայտնեց «Moderna» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանի հետ հանդիպման արդյունքից։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  Ավանեսյանը Աֆեյանի հետ հանդիպումը բավականին արդյունավետ գնահատեց։

«Պարոն Աֆեյանի հետ ունեցանք  բավականին արդյունավետ աշխատանքային հանդիպում։ Քննարկեցինք Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող այն բանակցությունները, որոնք վարվում են ԱՄՆ-ի կառավարության հետ։ Միացյալ ջանքերի մեկտեղում պետք է լինի, որ մենք ի վերջո ունենանք այդ պատվաստանյութը ևս»,- հավելեց Ավանեսյանը։

Առողջապահության նախարարի պաշտոնակատարը հիշեցրեց, որ այս պահին մասնավոր ընկերությունները հանձն չեն առնում պատվաստանյութի վաճառքը, այլ դա տարբեր երկրների կառավարությունների մենաշնորհն է։

«Լիահույս ենք, որ առաջիկայում հաջողություններ կունենանք այս մասով»,- եզրափակեց Ավանեսյանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am