Կառավարությունը սահմանեց ՔԿԱԳ հետ կապված լրացուցիչ ծառայությունների ցանկը և դրանց դիմաց գանձվող վճարների չափը

Armenpress 12:16, 22 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը սահմանեց քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված լրացուցիչ ծառայությունների ցանկը և դրանց դիմաց գանձվող վճարներ չափը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ըստ որոշման հիմնավորման, օրենքի շրջանակներում քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված ծառայությունների համար սահմանվել են հստակ ժամկետներ: Միաժամանակ, օրենքին զուգահեռ մշակվել և ընդունվել է նաև «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը, որի համաձայն՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում մատուցվող որոշ ծառայությունների դիմած պետական տուրքը հանվել է, իսկ որոշ ծառայությունների համար նվազեցվել է:

Հիմք ընդունելով վերոնշյալը՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել  «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված լրացուցիչ ծառայությունների ցանկը և դրանց դիմաց գանձվող վճարների չափը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ:

Նախագծի ընդունմամբ կապահովվի Օրենքով սահմանված դրույթների  համապատասխան պահանջի կատարումը, որի արդյունքում կսահմանվեն քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված մի շարք լրացուցիչ ծառայությունների կատարման հստակ ժամկետներ և գանձվող վճարների չափը: Նշված փոփոխությունների արդյունքում հնարավոր կլինի նաև կրճատել քաղաքացիական կացության ակտը վերականգնելու ժամկետները՝ համապատասխան չափով վճարի գանձման դեպքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am