ՀՀ Երասխի հատվածում վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերի կրակոցները հանցավոր են. ՄԻՊ

Armenpress 09:37, 20 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանցավոր են ՀՀ Երասխի հատվածում վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերի կրակոցները, որոնք ձեռք են բերում պարբերական բնույթ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն՝ ընդգծելով, որ այդ մասին են վկայում ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրությունները և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղվող ահազանգերը:

«Կրակոցների հանցավոր լինելն ակնհայտ է ՀՀ սահմանային մյուս հատվածներում՝ բնակավայրերի հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի հրահրած կրակոցների ֆոնին և նաև ապացուցվում է այն փաստով, որ Երասխի հատվածում հուլիսի 14-ին զոհվել է ՀՀ զինված ուժերի ծառայող»,-նշել է Արման Թաթոյանը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 19-ի երեկոյան ադրբեջանական զինված ուժերը, ժամը 18:40-ից սկսած, մի քանի ժամ շարունակ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից  գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը: Պարբերաբար կիրառվել են նաև ականանետեր:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am