Շառլ Միշելը հուսով է, որ հայ ժողովուրդը կզգա ԵՄ 2.6 մլրդ եվրոյի աջակցության դրական ազդեցությունը

Armenpress 15:11, 17 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Եվրոպական Միության կողմից 2.6 միլիարդ եվրոյի աջակցությունը Հայաստանին եզակի հնարավորություն է համարում երկրի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Շառլ Միշելն ասել է Երևանում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

ԵՄ  բարձրաստիճան պաշտոնյան առանձնացրեց փաթեթում ներառված մի քանի ծրագիր կլիմայի փոփոխության, ՓՄՁ-ների զարգացման, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների վերաբերյալ:

«Սա լավագույն պայմանն է, որը երաշխավորում է բարեկեցությունը: Ես լավատեսորեն եմ տրամադրված՝ ելնելով այս ուժեղ ազդակներից, որը մենք հղում ենք Հայաստանին: Սա նաև ապագայի նկատմամբ վստահության ազդակ է առ այն, որ մենք միասին համատեղ սերտորեն կաշխատենք իրականացնելու համար այս ամենը, երաշխավորելու համար, որ Հայաստանի ժողովուրդը, քաղաքացիները կզգան այս ծրագրերի դրական ազդեցությունը»,- եզրափակեց Միշելը:

Հուլիսի 9-ին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին հայտարարել էր, որ Եվրամիությունը 1,6 մլրդ եվրո կհատկացնի Հայաստանում «առաջնահերթ հատուկ ծրագրերի» իրականացմանը, որոնք ուղղված են երկրում տնտեսական աճ ապահովելուն և աշխատատեղերի ավելացմանը: Այնուհետև նա հավելել էր, որ ընդհանուր առմամբ Եվրամիությունը այս ծրագրի ներքո կարող է 2,6 մլրդ եվրո մոբիլիզացնել Հայաստանի համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am