ՀՀ զինվորական դատախազը այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան  

Armenpress 18:21, 15 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վահե Հարությունյանը ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանի ուղեկցությամբ հուլիսի 15-ին հերթական այցն է կատարել ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան՝ տեղում ծանոթանալու զորակոչի կազմակերպման գործընթացին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, ՀՀ զինվորական դատախազն անձամբ հետևել է անցկացվող վիճակահանությանը, դրա անցկացման կարգի և պայմանների պահպանմանը: Նա կարևորել է այն հանգամանքը, որ զորակոչիկների կողմից վիճակահանության անաչառությամբ մտահոգություններ կամ դժգոհություններ չեն արտահայտվել: 

«Վահե Հարությունյանը ներկա է գտնվել նաև կենտրոնական հավաքակայանում անցկացվող բժշկական հետազոտությունների կազմակերպմանը, որի ընթացքում առանձնազրույցներ է ունեցել բժիշկ-մասնագետների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ զինվորական դատախազին զեկուցվել է, որ առկա են կրկնակի հետազոտություններ անցկացնելու նպատակով զորակոչիկներին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանից ետ վերադարձնելու դեպքեր: Այդ կապակցությամբ վերջինս հանձնարարել է վեր հանել պատճառները և զեկուցել:

Ելնելով վիճակահանության, բժշկական հետազոտությունների ընթացքից, դրանց վերաբերյալ ներկայացված առաջարկություններից՝ ՀՀ զինվորական դատախազը ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետին տվել է զորակոչի գործընթացի կազմակերպչական մակարդակն առավել բարելավվելուն ուղղված կոնկրետ հանձնարարականներ:

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ կենտրոնական հավաքակայանում զինվորական դատախազը հանդիպել է նաև զորակոչիկներին, հետաքրքրվել զորակոչի ընթացքում իրենց հետ տարվող գործընթացների վերաբերյալ նրանց կարծիքներով:

Այցի վերջում Վահե Հարությունյանը բարի ծառայություն է մաղթել երիտասարդներին՝ վստահեցնելով, որ զորակոչիկների պատշաճ ծառայությունը, այդ ընթացքում նրանց իրավունքների պաշտպանությունը լինելու է զինվորական դատախազության առաջնային ուշադրության կենտրոնում:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am