Դավիթ Հարությունյանը կանխատեսել է ընտրությունների վիճարկման հարցով ՍԴ-ի որոշումը

Armenpress 13:56, 14 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը, կանխատեսելով ՍԴ որոշումը՝ ընտրությունների վիճարկման հարցով, ունի ներքին անարդարության և համընդհանուր պարտության զգացում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Հարությունյանն այս մասին ասաց ընտրությունների արդյունքների վիճարկման հարցով ՍԴ նիստում իր եզրափակիչ ելույթում:

Նա նախ հակիրճ անդրադարձավ իր ներկայացրած 9 թեզերին՝ դրանք կրկին պնդելով: Հարությունյանը վերահաստատեց իր ներկայացրած թեզը. «Ազատ ընտրության իրավունքի խախտումներն ունեցել են այնպիսի բնույթ, որ ակնհայտ են եղել ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հիմքերը»:

Նա պնդեց կրկին՝ Նիկոլ Փաշինյանը ապօրինի է զբաղեցրել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը: Հարությունյանը հավելեց՝ սահմանադիրը շատ հստակ պատկերացնում էր հրաժարականի ինստիտուտի էությունը: «Անձամբ հրաժարական տալը և հրաժարական տրված համարելը բացարձակապես տարբեր իրավական ինստիտուտներ են: Երբևէ որևէ սահմանադիր չէր ենթադրում, որ կարելի է իրավունքը հարմարեցնել սեփական շահին»,- նշեց նա:

Հարությունյանը շեշտեց՝ ՍԴ-ն նախորդ օրը մերժել է Ոստիկանությունից ապացույցներ պահանջելու իր միջնորդությունը: Ըստ նրա՝ բարձր դատարանը մերժել է ստանալ ապացույցներ, որոնք ակնհայտ և անվիճելի ցույց կտային իրենց բողոքի արդարացի լինելը: Հարությունյանը նաև նշեց. «Զուտ մարդկային առումով ես հասկանում եմ ձեզ, որովհետև, անկախ մեր կողմից բերվող փաստարկներից, պետք է իսկապես ունենալ մեծ խիզախություն, որ արձանագրվի, որ ընտրությունները խախտել են հիմնարար ընտրական իրավունքը»:

Ըստ նրա՝ ՍԴ-ի կողմնորոշումն այս գործով ակներև է: «ՍԴ-ն այս գործով պատմական հնարավորություն ունի ոչ միայն լուծելու ԱԺ-ի արտահերթ ընտրությունների արդյունքում առաջացած իրավական վեճը, այլ նաև իր որոշմամբ շատ ավելի հեռուն գնացող հայտ ներկայացնելու, դառնալ ՀՀ-ում Սահմանադրության և սահմանադրական կարգի իրական պաշտպան, դառնալ արդարադատության և անկախ դատական համակարգի առաջնորդ: Սակայն առաջնորդությունն ունի իր գինը, և դուք պետք է պատրաստ լինեք այն վճարելու՝ ստանձնելով ձեր բաժին պատասխանատվությունը: Առաջին անգամ է, որ ես կանխատեսելով ձեր որոշումը, ունեմ անհատապես ներքին անարդարության և համընդհանուր պարտության զգացում: Ինչ վճիռ էլ դուք կայացնեք, դրանից հետո կյանքը շարունակվելու է: Բայց ձեր վճռից է  կախված, թե ինչ ճանապարհով կընթանա մեր պետությունը»,- ասաց Հարությունյանն ու հավելեց, որ այս գործով ՍԴ-ի որոշումից է կախված նաև ցավոտ հարցերում ՀՀ-ի շահերը պաշտպանելու հնարավորությունը և գործիքակազմը:

Նրա կարծիքով՝ եթե ՍԴ-ն համարի, որ այս ընտրությունները լեգիտիմ են, և ԱԺ կազմն ունենա ԿԸՀ-ի կողմից սահմանված համամասնությունը, ապա դրանով ՍԴ-ն զրկում է Հայաստանին ԱԺ քաղաքական հարթակում պետական շահերը բազմակողմանիորեն քննարկելու և պաշտպանելու հնարավորությունից:

ՍԴ նախագահ Արման Դիլանյանն արձագանքեց Հարությունյանի ելույթին. «Մարդկայնորեն ես հասկանում եմ ձեզ, մարդկայնորեն հասկանում եմ ձեր ընտրած մարտավարությունը, ՍԴ-ին վարկաբեկելու և այդպիսով ՍԴ-ի ապագա որոշումը վարկաբեկելու ձեր փորձերը, բայց չեմ ընդունում  և ինձ համար դա դատապարտելի է: Այս բարձր դատարանում դատավարությունը հետաքրքրությունների կամ առանձին կասկածների բավարարման համար չէ: Այստեղ  քննվում է ընտրությունների կապակցությամբ ընդունված որոշման հետ կապված վեճը»,-ասաց ՍԴ նախագահը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am