Կվերանորոգվի Արցախի Խրամորթ համայնքի դպրոցը

Armenpress 11:52, 9 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի և Բելգիայում Արցախի հետ ֆրանսախոս բարեկամության խմբի համատեղ ջանքերով հատկացվել են անհրաժեշտ ֆինանսական միջոցները Արցախի Հանրապետության Ասկերան շրջանի Խրամորթ համայնքի միջնակարգ դպրոցի վերանորոգման համար: 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակից, կկատարվեն ներքին և արտաքին վերանորոգման աշխատանքներ, կկառուցվեն նոր սանհանգույց և ժամանակակից, տեխնիկապես հագեցած ճաշարան։ Կկահավորվեն և կարդիականացվեն դասասենյակներ՝ վերածվելով համագործակցային դասասենյակների։ Կտեղադրվի նոր ջեռուցման համակարգ։ Նախագիծը կիրականացվի «Երկարօրյա դպրոց» ծրագրի շրջանակներում Արցախի Հանրապետության կառավարության հետ համագործակցաբար: Վերջին ամիսներին Խրամորթ գյուղում բնակություն են հաստատել նաև Հադրութի շրջանից ադրբեջանական օկուպացիայի հետևանքով տեղահանված ընտանիքներ: «Երկարօրյա դպրոց» ծրագրի նպատակն է բարելավել միջնակարգ կրթության որակը Արցախում, հնարավորինս վերացնել ծնողների կողմից տնային աշխատանքի հարցում երեխաներին տրամադրվող օգության անհավասար պայմանները, ստեղծել շփվելու և աշխատանքի նոր հնարավորություններ, ապահովել որակյալ, հավասարակշռված սննդակարգ աշակերտների համար, հաղթահարել զարգացման անհավասարությունը գյուղական և քաղաքային վայրերի միջև և Արցախի շրջաններն ավելի հրապուրիչ դարձնել քաղաքային բնակավայրերի բնակչության համար։    Մեկնաբանելով այս նախաձեռնությունը՝ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետեանը հավելել է. «Ադրբեջանի կողմից պարտադրված այս կործանարար պատերազմից հետո կարևոր է բուժել Արցախի վերքերը: Հատկապես երեխաները խոցելի են նման իրավիճակում: Հուսով ենք, որ այս նախագիծը քայլ կլինի Արցախի երեխաների կրթության պայմանները բարելավելու և լուսավոր ապագա ապահովելու ուղղությամբ: Մեր պարտքն ենք համարում նպաստել դրան և շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ»։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am