Արցախի խորհրդարանում քննարկել են ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարները

Armenpress 15:20, 6 Հուլիս, 2021

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հուլիսի 6-ին կազմակերպվել է  քննարկում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման թեմայով: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից, նախաձեռնությունը Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն է եղել: Քննարկմանը   ներկա է գտնվել Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարար Հայկ Խանումյանը :

Արցախի հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված 2021 թվականի պետական աջակցության ծրագիրը ներկայացրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Սմբատ Պետրոսյանը:

Նա նախ անդրադարձել է 6-12 ամսվա կտրվածքով կարճաժամկետ ծրագրին, որը նախատեսվում է կազմակերպել Մարտունիում, Մարտակերտում և Ասկերանում:

Ծրագրի նպատակը ՏՏ ոլորտում աշխատուժի ստեղծումն ու մասնագետներին աշխատանքով ապահովելն է: Պետական ֆինանասավորմամբ նախատեսվում է մասնագիտական դասընթացների կազմակերպում, գրասենյակների կահավորում, աշխատանքային պայմանների ստեղծում: Համապատասխան ընկերությունների հետ պայմանգրերով էլ մասնագիտացում ստացածները աշխատանքով կապահովվեն:

Մինչև հիմա կառավարությունը ֆինանսավորում էր կրթական գործընթացը, առաջարկվող ծրագրով նաև աշխատանքի հարցն է լուծվում: Ծրագրի համար պետական բյուջեով նախատեսված 50 մլն. դրամը պլանավորում են վերադարձնել հարկերի տեսքով:

Պատգամավորները հարցադրումներ են ուղղել ծրագրի արդյունավետության, ծախսված գումարների վերադարձման ժամկետների ու մեխանիզմների, ռազմարադյունաբերության ոլորտում հնարավոր ներդրումների վերաբերյալ:

Քննարկվել են նաև Արցախում ՏՏ ոլորտի զարգացման երկարաժամկետ պլանավորման հետ կապված հարցեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am