Երևանի հանրային տրանսպորտի նոր շարժակազմում կներդրվի էլեկտրոնային վճարման համակարգ

Armenpress 14:29, 2 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի հանրային տրանսպորտի թարմացվող շարժակազմում մի քանի ամսից կներդրվի էլեկտրոնային վճարման համակարգ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Նոր շարժակազմով երթուղի դուրս եկավ 97 համարի ավտոբուսը (նախկին 37 համարը: Սրանով մենք ամբողջացրեցինք 100 նոր կոմպակտ դասի ավտոբուսների շահագործումը: Դրանցով շահագործվող 9 երթուղիները նկատելիորեն թեթևացրել են քաղաքի տրանսպորտի խնդիրը, բացի այդ, հնարավորություն են տալիս հընթացս վերհանել և գույքագրել համակարգում եղած խնդիրները՝ տրանսպորտային ռեֆորմի հաջորդ փուլերում դրանք լուծելու համար: Մի քանի ամսից, ինչպես գիտեք, կստանանք 211 միջին տեղատարողության ավտոբուսները»,-ասվում է գրառման տեքստում:

Մարությանն ընդգծել է, որ ավտոբուսներում պետք է վճարել նստելիս՝ 100 դրամանոց մետաղադրամներով: «Մի քանի ամսից մենք անցում կկատարենք էլեկտրոնային վճարման համակարգի, որի շնորհիվ կկիրառենք նորագույն տեխնոլոգիական հնարավորություները»,-եզրափակել է Մարությանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am