Արցախում պատերազմի հետևանքով ավերվել է 71 դպրոց, 14 մանկապարտեզ և 10-ից ավելի մշակութային օջախ

Armenpress 16:12, 30 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախում խախտվել էր շուրջ 33 000 արցախցի երեխաների և ուսանողների կրթական իրավունքը, այդ թվում՝ շուրջ 24 000 դպրոցականի և նախադպրոցական հաստատություն հաճախող 4 000 երեխայի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արցախի Ազգային ժողովում ելույթի ժամանակ այս մասին ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Ադրբեջանը թիրախավորել և ռմբակոծել էր բազմաթիվ դպրոցներ, նախադպրոցական հաստատություններ, նախնական և միջին մասնագիտական հաստատություններ: Արդյունքում ավերվել են 71 դպրոց, 14 մանկապարտեզ և 10-ից ավելի մշակութային օջախներ՝ չհաշված բռնազավթման տակ մնացած բազմաթիվ կրթօջախները:

Հանրակրթական 107, նախադպրոցական ուսումնական 17 հաստատություն մնացել է բռնազավթված տարածքներում: Տեղահանված ուսուցիչների թիվը կազմել է 1 656, նրանցից ոմանք աշխատանքային գործունեությունը վերսկսել են Արցախի այլ ուսումնական հաստատություններում, մնացածին աշխատանքով ապահովելու ուղղությամբ լրացուցիչ աշխատանքներ են իրականացվում»,- ասել է Հարությունյանը:

Հարությունյանը նշել է, որ մշակութային քաղաքականության շրջանակներում 2020 թվականի տարեսկզբից հանրապետությունում կազմակերպվել են միջոցառումներ՝ ուղղված մի շարք պատմա-մշակութային հուշարձանների վերականգնմանը և բարեկարգմանը, գորգագործության, կարպետագործության զարգացմանը: Ըստ Արցախի նախագահի` կորոնավիրուսի համավարակի, իսկ այնուհետև պատերազմի պատճառով կիսատ են մնացել և չեն իրականացվել նախանշված բազմաթիվ ծրագրեր:

«Պատերազմից մեծապես տուժել է մեր մշակութային ժառանգությունը: Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող մշակութային արժեքները պահպանելու և վերադարձնելու նպատակով աշխատանքներ են տարվում ինչպես Արցախում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի ներկայացուցիչների, այնպես էլ միջազգային կառույցների հետ: 

Պատերազմի ընթացքում կրած վնասների գնահատումը, պատմամշակութային հուշարձանների վերականգնումը և հանրահռչակումը կլինի մեր մշակութային քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը»,- եզրափակել է Հարությունյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am