Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Armenpress 20:18, 29 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի պարոն վարչապետ,

Շնորհավորում եմ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ: Ողջունում եմ այն փաստը, որ միջազգային դիտորդները, այդ թվում՝ մեր խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը, այդ ընտրությունները գնահատեցին որպես մրցակցային և ընդհանուր առմամբ լավ կազմակերպված:

Կարևոր է, որ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին հայ ժողովրդի անվերապահ աջակցությունը Ձեր ղեկավարությամբ իրականացվող բարեփոխումների քաղաքականությանը: Հիմա, երբ ընտրարշավն ավարտված է, ժամանակն է կենտրոնանալու քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության հետ կառուցողական երկխոսության վրա: Այդ առումով հավաստում եմ բարեփոխումների գործընթացում Հայաստանին շարունակական աջակցություն ցուցաբերելու Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը՝ հիմնվելով մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության չափորոշիչների վրա»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am