Իտալացի պատգամավորները շեշտում են՝ Ադրբեջանում պահվող հայ գերիները պետք է ազատ արձակվեն առանց նախապայմանների

Armenpress 16:56, 23 Հունիս, 2021

ՀՌՈՄ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի խորհրդարանի «Լեգա» կուսակցության պատգամավորներ Մասիմիլիանո Կապիտանիոն և Ջուլիո Չենտեմերոն հայտարարություն են տարածել՝ շեշտելով, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները պետք է ազատ արձակվեն առանց նախապայմանների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ANSA-ն հրապարակել է իտալացի պատգամավորների հայտարարությունը, որը ներկայացնում ենք ստորև. 

«Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել բազմաթիվ հայ ռազմագերիների՝ նրանց քաղաքական բանակցություններում օգտագործելու համար՝ Թուրքիայի աջակցությամբ: Տեղեկացել ենք, որ մի քանի օր առաջ համացանցում հայտնվել է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների զրույցի մի մտահոգիչ տեսանյութ, որը հաստատում է այն փաստը, որ Ադրբեջանում հայ գերիները անօրինական են պահվում և օգտագործվում են ականապատ տարածքների քարտեզների կամ այլ զիջումներ դիմաց փոխանակման համար։ Այս հարցի վերաբերյալ անհրաժեշտ է պարզություն և հրատապ ու խիստ դիրքորոշում բոլոր միջազգային գործընկերների կողմից` դադարեցնելու համար մարդկային կյանքերի վերաբերյալ շահարկումները: Ակնկալում ենք, որ մեր կառավարությունը շուտափույթ իր ձայնը լսելի դարձնի՝ իր դիրքորոշումը հայտնելով ընդդեմ նրանց, ովքեր շարունակում են խախտել միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր դրույթները։ Ուստի պահանջում ենք, որ բոլոր ռազմագերիները և պահվող քաղաքացիական անձիք անմիջապես ազատ արձակվեն և հայրենադարձվեն առանց նախապայմանների»:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am