ՀՔԾ-ն Արմեն Չարչյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել

Armenpress 20:20, 21 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին որպես մեղադրյալ ներգրավելու  մասին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Պաշտպանը հայտնել է, որ քննիչը որոշում է կայացրել Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու մասին։

Էրիկ Ալեքսանյանը նաև նշում է, որ Չարչյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և  հրաժարվել է ցուցմունք տալ։

Ավելի վաղ ՀՔԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի կողմից նախընտրական փուլում իրեն ենթակա աշխատակիցների նկատմամբ ճնշում գործադրելու վերաբերյալ 2021 թվականի հունիսի 18-ին «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքով տարածված ձայնագրության փաստով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով(ընտրողներին կաշառք տալու, ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով): Չարչյանը ձերբակալվել էր, սակայն պաշտպանները դատարան բողոք էին ներկայացրել ձերբակալման դեմ, որը բավարարվել էր և նա ազատ էր արձակվել։

Միևնույն ժամանակ, դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ։

ԿԸՀ-ն բավարարել էր Արմեն Չարչյանի նկատմամբ հետապնդում իրականացնելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ դատախազության միջնորդությունները։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am