ՌԴ-ն ակնկալում է Հայաստանի հետ լավ հարաբերությունների պահպանում

Armenpress 13:04, 21 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները կպահպանի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ նման կարծիք է հայտնել ՌԴ Դաշնությունների խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը:

«Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է: Հայ ժողովուրդը գիտի, որ այն վստահելի ու հավատարիմ ընկեր է, ամենամոտը Հայաստանին»,-ասել է նա:

Վլադիմիր Ջաբարովը գլխավորը համարում է Հայաստանում իրավիճակի կայունացումը, և որ քաղաքական հակազդեցությունները չտեղափոխվեն փողոց: Նա հույս է հայտնել, որ Հայաստանում ամեն ինչ կանցնի ժողովրդավարական սկզբունքների պայմաններում:

Նրա խոսքով, Ռուսաստանի համար կարևոր է, որ Հայաստանը մնա ՀԱՊԿ-ի հավատարիմ գործընկերը, ԵԱՏՄ անդամ երկիր: Վլադիմիր Ջաբարովը կարևոր է համարել նախորդ տարվա նոյեմբերից հետո երկրի տնտեսության վերականգնումը: «Կարծում եմ, որ այս համատեքստում մենք կողջունենք ՀՀ կառավարության ցանկացած խաղաղ նախաձեռնություն»,-նշել է նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am