«Զարթոնք» կուսակցության ղեկավար Արա Զոհրաբյանը քվեարկեց հանուն ազգային իշխանության ձևավորման

Armenpress 10:12, 20 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Արա Զոհրաբյանը, ով ընտանիքի հետ եկել էր ընտրատեղամաս, քվեարկեց, որպեսզի ՀՀ-ում ազգային իշխանություն ձևավորվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ փորձը ցույց է տվել, որ ապազգային երևույթներն ընկճել են ժողովրդի արժեհամակարգը:

«Այս ընտրություններով մենք ակնկալում ենք, որ ժողովուրդը կմերժի ապազգայինը: Ընտրվելու շանսերի հետ կապված ցույց կտան ընտրության արդյունքները, բայց մենք հույս ունենք, որ ԱԺ-ում կլինենք արժեհամակարգի պահապանները, անկախ նրանից՝ մեր ժողովուրդն այս կարճ ժամանակում կհասցնի մեզ վստահել և իր քվեն տալ՝ միևնույնն է շարունակելու ենք մեր գործը»,- նշեց Զոհրաբյանը:

Նա ընդգծեց, որ ընտրատեղամասում, որտեղ ինքը քվեարկեց, ոչ մի արտառոց բան չնկատեց, միայն խնդիր է տեսել կազմակերպման ձևում:

Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am