Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում կանցկացվի «Արցախի համն ու հոտը» խորագրով փառատոնը

Armenpress 11:11, 18 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհապաղ պաշտպանության կարիք ունեցող հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության՝ արցախյան խոհանոցի, կենցաղի, արհեստների կենսունակության պահպանության վրա ուշադրություն հրավիրելու նպատակով հունիսի 19-ին Աշտարակի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Արցախի համն ու հոտը» խորագրով փառատոնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ արցախյան թթուների հարուստ տեսականին, համեղ ուտեստները, ձեռագործ աշխատանքները կներկայացնեն պատերազմի հետևանքով տեղահանված և Հայաստանի գյուղական և քաղաքային համայնքներում բնակվող արցախցիները:

Կկազմակերպվեն ձեռարվեստի և ուտեստի պատրաստման վարպետաց դասեր, ուտեստների համտես-վաճառք, ինչպես նաև կցուցադրվեն Սյունիք-Արցախի տարազային համալիրները՝ ապահովելով Արցախի կոլորիտն ու շունչը:

Փառատոնը, որի մուտքն ազատ է, անցկացվում է «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am