Ժայռամագլցման սիրահարների համար Երևանում այսուհետ կլինի մագլցման նոր պատ

Armenpress 21:05, 17 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում այսուհետ կգործի ժայռամագալցման համար նախատեսված պատ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ժայռապատի ստեղծման գաղափարն առաջացել է մոտ երկու տարի առաջ, սակայն կորոնավիրուսի և պատերազմի պատճառով այն ձգձգվել է մինչ օրս: Ժայռապատը ծառայելու է ոչ միայն ՀՖԿՍՊԻ-ի Սպորտային տուրիզմի և փրկարարական գործ ամբիոնի ուսանողներին, այլ նաև ժայռամագլցման սիրահարների համար:

«Ամեն տարի դիմորդների թիվը տարբեր մասնագիտություններում տարբեր են, բայց փրկարարական գործ մասնագիտության համար ամենաշատն են դիմում: Տարիների ընթացքում փրկարարներն օգտագործել են այլ վայրերում առկա հնարավորությունները, իսկ հիմա կա այդ հնարավորությունը մեր ինստիտուտում»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀՖԿՍՊԻ-ի ռեկտոր Դավիթ Խիթարյանը: Վերջինիս խոսքով` պատի առկայությունը հնարավորություն կտա մինչ բուհական առաջնություններ անցկացնել:

«Պատի այս տեսքը վերջնական չէ, այն շարունակություն էլ կունենա և որոշ ժամանակ անց միայն վերջնական տեսքի կբերվի: Այն կծառայի թե փրկարարներին, թե մագլցման սիրահարներին»,-ասաց Սպորտային տուրիզմի և փրկարարական գործ ամբիոնի վարիչ, Ալպինիզմի և լեռնային տուրիզմի ֆեդերացիայի նախագահ Սուրեն Դանիելյանը:

Մագլցման սիրահարների համար պատը բաց կլինի 10 օրից: Առանձին կուրսեր կլինեն մանկապատանեկան խմբերի համար: Այժմ կան 5 մասնագիտացված մարզիչներ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am