Նիկոլ Փաշինյանը Արևշատ համայնքում բնակիչների հետ հանդիպմանը ներկայացրեց գյուղատնտեսական ծրագրերը

Armenpress 13:41, 14 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզի Արևշատ համայնքում բնակիչների հետ հանդիպմանը ներկայացրեց գյուղատնտեսական ծրագրերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Նիկոլ Փաշինյանը խոսեց մատչելի պայմաններով վարկերի տրամադրման, վերապատրաստման դասընթացների մասին:

«Մենք ուզում ենք, որ գյուղատնտեսությամբ զբաղվելը չլինի չարչարանք: Ավտոմատացում, մեխանիզացիա և այլ գործիքակազմ. գյուղատնտեսությամբ զբաղվելը պետք է լինի այնպիսի աշխատանք, որն ավելի շատ արդյունք է բերում: Մենք վերջին տարիներին զրո տոկոսով 100 մլրդ դրամի վարկ ենք տվել: Ու այդ ծրագրերը շարունակվում են: Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել ջերմոցային տնտեսությունների հիմնադրման ծրագրին: Մենք արտոնյալ պայմաններով վարկ ենք տալիս, նաև դասընթաց ենք կազմակերպում: Ջերմոցային տնտեսության կառուցումից հետո փողի 30 տոկոսը վերադարձնում ենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:  

Ծրագիրը լիարժեք իրականացնելու համար, ըստ Նիկոլ Փաշինյանի, կա խնդիր՝ կապված նախկինում վերցրած վարկերի հետ: Գյուղացին ծանրաբեռնված է վարկերով, ինչպես նաև գրավի խնդիր կա: Նա նկատեց, որ խնդիրը պետք է այնպես լուծվի, որ ֆինանսական համակարգը չվնասվի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am