Ծառուկյանը սահմանային անվտանգության ապահովման համար կարևորեց ՌԴ-ի հետ համագործակցության խորացումը

Armenpress 21:07, 13 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը կրկին շեշտեց Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական նոր պայմանագրի ստորագրման անհրաժեշտությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին ասաց քարոզարշավի շրջանակում Սյունիքում քաղաքացիների հետ հադիպմանը:

Ծառուկյանը վստահեցրեց՝ իր ուզածն է այս վիճակից դուրս գալ, ունենալ հզոր, զարգացող պետություն: «Սա միայն դատարկ խոսքերով չի լինում: Մարդիկ պետք է տիրապետեն, կազմակերպեն, բոլոր ոլորտներում աշխատանք տանեն»,- նշեց նա:

Այնուհետև Ծառուկյանը խոսեց Սյունիքի մարզից՝ նկատելով, որ սյունեցիների առաջնային խնդիրն այսօր սահմանային անվտանգությունն ապահովելն է:

 «Անվտանգություն ապահովելու համար ամենակարևորը մենք պետք է մեր բարեկամ երկրի՝ Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական փաստաթուղթ ստորագրենք, որ հայ զինվորը ռուս զինվորի հետ սահմանը պահի, որ մեր սյունեցին հանգիստ քնի, լարված չլինի»,- շեշտեց Ծառուկյանն ու հավելեց՝ այդ դեպքում ճանճ չի կարող անցնել սահմանով:

Նա հավելեց՝ Ադրբեջանն այսօր միայնակ չի պայքարում Հայաստանի հետ, նրա կողքին կանգնած է Թուրքիան: «Դրա համար էլ մեր կողքին պետք է լինի մեր բարեկամ երկիրը՝ Ռուսաստանը….»,- նշեց Ծառուկյանը:

Այնուհետև նա կրկին խոսեց վարկերի խնդրից: Ծառուկյանը հիշեցրեց ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու իր՝ ավելի վաղ արած հայտարարության մասին, խոսեց սոցիալ-տնտեսական և այլ խնդիրներից, դրանց լուծման տարբերակներից:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am