Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Միխայիլ Միշուստինին Ռուսաստանի օրվա առթիվ

Armenpress 10:07, 12 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 12-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, նշված է.

«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, 

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և ՌԴ ժողովրդին՝ Ռուսաստանի օրվա առթիվ: 

Ռուսաստանի բազմադարյա պետականության պատմության մեջ այս տոնը խորհրդանշում է երկրի քաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտներում համակարգային վերափոխումները, միջազգային ասպարեզում Ռուսաստանի դերի ամրապնդման ուղղությամբ հետևողական աշխատանքը: 

Հայ-ռուսական դաշինքը, որը հիմնված է մեր երկրների ժողովուրդների բարեկամական և եղբայրական դարավոր հարաբերությունների վրա, անփոփոխ կերպով դրսևորվում է ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ միջազգային, տարածաշրջանային և ինտեգրացիոն միավորումների շրջանակում: 

Համոզված եմ, որ համատեղ ջանքերն այսուհետ ևս ուղղված կլինեն միջպետական հարաբերությունների ողջ համալիրի ընդլայնմանը՝  նպաստելով մեր երկրների զարգացմանը, տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովմանը: 

Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, 

Տոնական այս օրը մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նոր հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ, իսկ Ռուսաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն», - ասված է Նիկոլ Փաշինյանի ուղերձում: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am