Նիկոլ Փաշինյանը առաջնահերթ է համարում ջրային քաղաքականության իրենց ծրագրի իրագործումը  

Armenpress 13:56, 9 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկա տարիներին ջրային քաղաքականությունը լինելու է իրենց գործողությունների առաջնահերթությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Փաշինյանն այս մասին խոսեց  Շիրակի մարզի  Մեծ Մանթաշ համայնքում բնակիչների հետ հանդիպմանը:

«Սա ռազմավարական նշանակության ծրագիր է և ծրագիրը պետք է լինի շարունակական, որպեսզի Հայաստանի լեռներում ձևավորվող 7 միլիոն խմ ջրից հնարավորինս մեծ քանակով ջուր ամբարենք: Մեր ծրագրերի իրականացման արդյունքում մենք մոտավորապես 500 միլիոն խմ ջուր պետք է ամբարենք»,- ասաց Փաշինյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրում նշված է, որ ներդնելու են ջրային ռեսուրսների կառավարման գերարդյունավետ համակարգ: Ջրային ռեսուրսների պահպանումը, արդյունավետ օգտագործումը և որակի բարձրացումը լինելու են այս ոլորտի առաջնահերթությունները: Արդյունքում  Հայաստանը կունենա մեծ քանակությամբ խնայված և քաղցրահամ խմելու և ոռոգման ջուր: Ջրային ռեսուրսների մեծ պաշարը թույլ կտա ավելի շատ բնակավայրեր ապահովել շուրջօրյա ջրամատակարմամբ, իսկ արդյունավետ կառավարվող ոռոգելի ջուրը` առավել կխթանի գյուղատնտեսության զարգացումը, ինչպես նաև հնարավոր նվազագույնին կհասցնի ջրային կորուստները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am