Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է հայ զինծառայողին Հայաստանի իշխանություններին վերադարձնելու մասին

Armenpress 00:25, 9 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է հունիսի 8-ին մառախուղի պատճառով մոլորվելու հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված հայ զինծառայող Ա․ Քաթանյանին Հայաստանի իշխանություններին վերադարձնելու մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարության պնդումը, որ զինծառայողն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվել է մոլորվելու հետևանքով։

Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայ զինծառայողին ներկայացրել էր որպես դիվերսանտ, իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ՀՀ զինված ուժերի N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Քաթանյանը հունիսի 8-ին, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։ ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշված էր, որ Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը Ա. Քաթանյանի՝ դիվերսանտ լինելու մասին չի համապատասխանում իրականությանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am