Բեթթին ներկայացրել է «Betty World» երգի տեսահոլովակը

Armenpress 12:07, 7 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթի մրցանակակիր Բեթթին (Էլիզաբեթ Դանիելյան) ներկայացրել է իր նոր՝ «Betty World» երգի տեսահոլովակը։ Այն արդեն հասանելի է համացանցում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեսահոլովակը Բեթթին թողարկել է հենց հունիսի 7-ին՝ իր կողմից հռչակած Պատանիների օրը։ Ամեն տարի նա տոնի կապակցությամբ կազմակերպել է տարաբնույթ միջոցառումներ, իսկ այս անգամ որոշել է նոր երգ ու հոլովակ թողարկել։  

Տեսահոլովակն ամբողջությամբ նկարահանվել է Բեթթիի՝ ԱՄՆ-ում վաստակած գումարով։ Նախագծում երգչուհին հանդես է գալիս նաև որպես պրոդյուսեր և բեմադրող ու աշխատել է աշխարհի տարբեր երկրների լավագույն մասնագետների հետ։ Մասնավորապես, վիզուալները ստեղծել է Animast Production-ը, ռեժիսորը և սցենարի հեղինակը Animast Production-ի ղեկավար Արթուր Մարթինն է, անիմացիան կատարել է Մարիա Շչերբինինան։ Երաժշտության և բառերի հեղինակը TOKIONINE-ն է։ Երաժշտական ձևավորումն իրականացրել են Ջորջ Բրեյնշեյքերը և Մարտին Միրզոյանը։

Ռիթմիկ «Betty World» երգի տեսահոլովակը գունեղ մուլտֆիլմ է, որի հիմնական ուղերձն է, որ պատանիները պիտի չթուլանան և պետք է առաջ գնան։ Բեթթիի խոսքով՝ ինքն այս հոլովակով նպատակ ունի ոգևորել նոր սերնդի ներկայացուցիչներին, քանի որ նրանք շատ են անտեսվում այս թոհուբոհի մեջ։ Հոլովակով և իր նախագծով Բեթթին փորձում է նպաստել դրական երևույթների տարածմանը, նոր սերնդին կոչ է անում կրթվել, սովորել, արդի մասնագիտություններ ձեռք բերել և նոր լեզուներ յուրացնել։ Բեթթին համոզված է՝ այսօր առավել, քան երբևէ նոր սերունդը դրական օրինակի կարիք ունի և վստահ է, որ ցանկացած երկրի հաջողություն կախված է յուրաքանչյուր մարդուց։

Հոլովակի համար հատուկ ընտրվել է մուլտֆիլմի ձևաչափը, քանի որ երգչուհին նկատել է՝ հայերենով լավ նյութեր և մուլտֆիլմեր քիչ կան։ Սփյուռքում հատկապես մարդիկ հայալեզու արտադրանքի կարիք ունեն։ Իր այս հոլովակով փորձել է նաև այդ բացը լրացնել։

Բեթթին ունի տարբեր լեզուներով ստեղծված արդեն մի քանի նոր երգ, որոնք ևս շուտով կներկայացնի իր երկրպագուներին։

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am