Ադրբեջանական զինված ուժերի կողմից նախաձեռնվել են ՀՀ տարածքում ամրաշինական աշխատանքների փորձեր, որոնք կանխվել են

Armenpress 12:56, 5 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին շրջանում ադրբեջանական զինված ուժերի կողմից մի քանի անգամ նախաձեռնվել են հայ-ադրբեջանական սահմանագծի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող սահմանային հատվածներում ամրաշինական աշխատանքներ իրականացնելու փորձեր, որոնք, սակայն, ժամանակին կանխվել են հայկական ստորաբաժանումների համապատասխան գործողություններով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մասնավորապես՝ հունիսի 3-ին Ադրբեջանի զինված ուժերը փորձել են տրակտորով որոշակի հողային աշխատանքներ իրականացնել սահմանային հատվածի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում։ Հայկական ստորաբաժանումների նախազգուշական կրակոցներից հետո աշխատանքները դադարեցվել են։ Ադրբեջանական կողմին հստակ պահանջ է ներկայացվել նմանատիպ փորձերի կրկնությունը բացառելու վերաբերյալ։

«Այդուհանդերձ, Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է ինժեներական և ամրաշինական աշխատանքներ իրականացնել այն տարածքներում, որտեղ գտնվում են իրենց մարտական հենակետերը՝ առանց հատելու Հայաստանի Հանրապետության սահմանը։ Քանի որ այդ տարածքները և ադրբեջանցի զինվորականների կողմից այնտեղ իրականացվող շարժը տեսանելի է Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, ինչպես նաև Կութ գյուղերից, դա հարուցում է տեղի ազգաբնակչության մտահոգությունը, ինչը և արտացոլված է ՄԻՊ զեկույցում»,-նշում են ՀՀ ՊՆ-ից։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am