Արթուր Դավթյանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում ընթացող տնտեսական միջազգային համաժողովին

Armenpress 18:05, 4 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում այս օրերին ընթացող Միջազգային տնտեսական համաժողովին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից: 

Վերջինիս շրջանակներում կազմակերպված «Ներպետական իրավասության նկատմամբ վստահությունը որպես տնտեսության զարգացման և բիզնեսի պաշտպանության գործոն» թեմայով քննարկմանն Արթուր Դավթյանը հանդես է եկել ելույթով։

ՀՀ գլխավոր դատախազը, մասնավորապես,  անդրադարձել է ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործմամբ բիզնեսի դեմ կիրառվող հանցավոր ոտնձգություններին, դրանց կանխարգելմանը, առկա մարտահրավերներին և տնտեսվարողների իրավունքների պաշտպանությանն ուղղված պետությունների ձեռնարկած պայքարի կառուցակարգերին:

Այդ համատեքստում ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է նման դրսևորումների հակազդման, քրեաիրավական պայքարի հայաստանյան փորձը, բիզնեսի հայաստանյան ներպետական իրավական պաշտպանության համակարգը: Շետադրում է կատարվել Հայաստանում ազատ տնտեսավարման և ներդրումների իրավական պաշտպանության ուղղությամբ իրականացված բարեփոխումների վրա:      

Ֆորումի ընթացքում քննարկվել են բիզնեսի զարգացման, տնտեսվարողների իրավունքների պաշտպանության միջոցների ունիվերսալացման, դրանց խոչընդոտող՝ հատկապես հաղորդակցային տեխնոլոգիաների միջոցով իրականացվող հանցագործությունների դեմ պայքարում միջազգային համագործակցության, փորձի փոխանակման մեխանիզմների կատարելագործման խնդիրները:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am