Իրավապաշտպանները տեսանյութեր են հրապարակել չնույնականացված հնարավոր գերեվարված անձանց վերաբերյալ

Armenpress 11:14, 4 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրավապաշտպանները բարձրաձայնել են չնույնականացված հնարավոր գերեվարված անձանց մասին և տեսանյութեր են հրապարակել՝ խնդրելով պատկերված անձանց կամ տեղանքը ճանաչողներին կապ հաստատել իրենց հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ ներկայացնում են տեսանյութեր, որոնցում նկարահանված զինվորների և տեղանքի հատկանիշները ծանոթ անձանց թույլ են տալիս պարզորոշ ճանաչել նրանց կամ տեղանքը:

«Հավանական գերիների, նրանց ընտանիքների անդամների իրավունքները պաշտպանելու նպատակով, խնդրում ենք տեսանյութերում պատկերված անձանց և/կամ տեղանքը ճանաչողներին կապ հաստատել Սիրանուշ Սահակյանի կամ ինձ հետ:

Խնդրում ենք ներկայացնել ձեր համոզմունքը հաստատող լուսանկարներ և/կամ տեսանյութեր՝ հավանական գերեվարված անձի և ձեր ճանաչած անձի նույնական լինելու վերաբերյալ»,- գրել է  Զեյնալյանը:

Իրավապաշտպանը նաև հայտնել է, որ հավանական գերեվարված անձի ինքնությունը կհաստատվի պատշաճ ընթացակարգերի, այդ թվում՝ փորձաքննությունների արդյունքում:

Զեյնալյանը հնարավոր գերեվարված անձանց ճանաչողներին խնդրում է զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով + 374 94 907002 (Սիրանուշ Սահակյան), + 374 91 193526 (Արտակ Զեյնալյան):



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am