«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Կեղծ հիմքեր՝ հերթական ռազմական ագրեսիայի համար

Armenpress 09:30, 4 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մինչ աշխարհի մի շարք պետություններ կոչ են անում Բաքվին անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին, Ադրբեջանը շարունակում է նրանց հանդեպ խոշտանգումների եւ հոգեբանական ճնշման գործելակերպը: Ավելին, հայ գերիների նկատմամբ հարուցում է շինծու քրեական գործեր։

Ադրբեջանը, խախտելով հանդերձ միջազգային իրավունքի եւ միջազգային հումանիտար իրավունքի նորմերը, միաժամանակ փորձում է օգտվել դրա ընձեռած հնարավորություններից։ Օրեր առաջ Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն էր տարածել, ըստ որի՝ հունիսի 1-ի երեկոյան 40 հայ զինծառայող հատել է Ադրբեջանի սահմանը, ինչից հետո Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները «ստիպել են նրանց վերադառնալ ելման դիրքեր»։ Դրանից առաջ էլ պնդում էր, թե հայկական կողմը կրակ է բացել ինչպես հայ-ադրբեջանական շփման գծում, այնպես էլ Շուշիի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի վրա։

Բացի նրանից, որ նմանատիպ ապատեղեկատվության տարածմամբ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում է հայելային ձեւով իրավիճակի սրումը բարդել հայկական կողմի վրա, նրա նպատակներն ավելի հեռահար եւ վտանգավոր են։ Պատահական չէ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից նշված մեր զինծառայողների իբր ներխուժման ուղղությունը, այն է՝ Քարվաճառը։ Սրանով փաստորեն ադրբեջանական կողմը կեղծ հիմքեր է ստեղծում հերթական ռազմական ագրեսիայի համար»:

                             Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am