Պատմության հետագծով 

Armenpress 08:50, 3 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1837 թ. հունիսի 3-ին ծնվել է Պերճ Պռոշյանը՝ հայ գրող։ Պռոշյանի գրչին են պատկանում նաեւ հայ թատրոնի, դպրոցի, մանկավարժության վերաբերյալ բազմաթիվ հուշապատում-հոդվածներ։ Նրա թարգմանությամբ լույս են տեսել Չ. Դիքենսի «Դավիթ Կոպպերֆիլդը», Լ. Տոլստոյի «Մանկություն եւ պատանեկությունը» եւ այլ գրողների ստեղծագործություններ։ Պռոշյանը խոշոր ավանդ է ներդրել ազգային ռեալիզմի ձեւավորման ու զարգացման գործում։ Պատկերելով գյուղացիական կյանքն իր ամբողջ մերկությամբ եւ ներկայացնելով «գյուղական մի ամբողջ ալբոմ»՝ նա կատարելագործել է հայ արձակի տիպականացման արվեստը եւ որակական նոր աստիճանի բարձրացրել ռեալիզմի գեղագիտությունը։ Պռոշյանի վեպերը հսկայական նյութ են տալիս 19-րդ դարի հայ գյուղացիության պատմության վերաբերյալ եւ որպես անկրկնելի վավերագրեր այսօր էլ պահպանում են իրենց ճանաչողական ու գեղարվեստական արժեքը։

-1891 թ. հունիսի 3-ին մահացել է Պետրոս Ադամյանը՝ հայ մեծ դերասան, բանաստեղծ, գրող, նկարիչ եւ հասարակական գործիչ։ Համլետի եւ Օթելլոյի դերակատարումներով դասվել է աշխարհի մեծագույն ողբերգակների շարքում, իր ժամանակի հայ թատրոնի առաջատարն էր եւ ամենախոշոր ողբերգակը։ Թիֆլիսի հայկական թատրոնը կրում է նրա անունը։

-1991 թ. հունիսի 3-ին Արցախյան ազատամարտի ժամանակ Արցախի Հադրութի շրջանի Խանձաձոր գյուղի բնակչությունը տեղահանվեց։

-1924 թ. հունիսի 3-ին մահացել է Ֆրանց Կաֆկան՝ հրեական ծագմամբ գերմանալեզու գրող, վեպերի («Դատավարություն», «Դղյակ», «Կերպարանափոխություն» եւ այլն) ու պատմվածքների հեղինակ, որ հայտնի է որպես 20-րդ դարի գրականության խոշորագույն գործիչներից մեկը։ Կաֆկայի ստեղծագործությունները, որոնցում միավորված են ռեալիզմի ու ֆանտաստիկայի տարրերը, սովորաբար ունեն մեկուսացած հերոսներ, որոնք բախվում են տարօրինակ ու սյուրռեալիստական դժվարությունների ու սոցիալական-բյուրոկրատիկ անհասկանալի ուժերի հետ, եւ նվիրված են օտարացման, էքզիստենցիալ անհանգստության, մեղքի ու աբսուրդի թեմաների բացահայտմանը։

-1971 թ. հունիսի 3-ին ավարտվեց Հայաստանի գրողների միության վեցերորդ համագումարը։

-2008 թ. հունիսի 3-ին Պրահայում կնքվեց խղճի եւ կոմունիզմի մասին եվրոպական հռչակագիրը։

-2016 թ. հունիսի 3-ին Արիզոնայում մահացավ աֆրոամերիկացի նշանավոր պրոֆեսիոնալ ծանրքաշային կարգի բռնցքամարտիկ, մարդասեր եւ հասարակական գործիչ Մուհամմեդ Ալին (Կասիուս Մարցելուս Քլեյ կրտսեր) (ծնվ.՝ 1942 թ.)։

Ա. Հ.



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am