Հայկականը կողմը «միջանցքային տրամաբանության» հարցեր չի քննարկել և չի քննարկելու. Մhեր Գրիգորյան

Armenpress 11:26, 1 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմը տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով քննարկումներում չի  քննարկել և չի քննարկելու «միջանցքային տրամաբանության» հարցեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահին հայտարարությանը, թե «Զանգեզուրի միջանցքի» շուրջ բանակցություններում կա առաջընթաց:

«Վստահեցնում եմ, որ «միջանցքային տրամաբանության» հարցեր հայկականը կողմը չի քննարկել և չի քննարկելու և հնարավոր էլ չէ քննարկել նման հարց: Եթե միջանցք ասելով՝ որոշ մարդիկ նկատի ունեն տրանսպորտային ուղիներ, մի հարց է, սակայն, եթե միջանցք ասելով ի նկատի ունեն սուվերենության հետ կապված որևէ աստիճանի որևէ ազդեցություն, վստահեցնում եմ, որ դա բացառվում է իմ քննարկումների ընթացքում»,-ասաց Գրիգորյանը:

Նա վստահեցրեց, որ կամ կլինի ապաշրջափակում՝ հայկական սուվերեն լիարժեք ենթակառուցվածքների օգտագործմամբ կամ չի լինի:

Անդրադառնալով վերջերս գերեվարված 6 հայ զինծառայողի մասին հարցին՝ փոխվարչապետի պաշտոնակատարը վստահեցրեց, որ չկա մի առիթ կամ մի հանդիպում, հնարավորություն, որտեղ այդ հարցը չի քննարկվում կամ չի քննարկվի: Նա հույս հայտնեց, որ այդ հարցը շուտով լուծում կստանա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am