Հիմնանորոգվում է Գավառի մարզադպրոցը

Armenpress 18:13, 31 Մայիս, 2021

ԳԱՎԱՌ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս օրերին Գավառի մարզադպրոցում շինարարական ակտիվ եռուզեռ է։  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, նախաձեռնությունը  Վահան եւ Ռուբեն Ափրոյան եղբայրներինն է, քանի որ իրենց հոր՝Գրիշա Ափրոյանի  անմիջական եւ հետեւողական մասնակցությամբ է նախորդ դարի 60-ական թվականներին հիմնադրվել ու կայացել Գավառի մարզադպրոցը։ Մայիսի 31-ի դրությամբ  արդեն հիմնանորոգվել եւ կահավորվել է երկրորդ հարկի դահլիճը, որտեղ կազմակերպվում են կարատեի, ըմբշամարտի եւ բռնցքամարտի պարապմունքները: Մնացած հատվածներում աշխատանքները դեռեւս ընթացքի մեջ են։ Մարզադպրոցի աշխատակիցներն ու մարզիկները առանձնահատուկ ոգեւորությամբ են սպասում մեծ դահլիճի հիմնանորոգման ավարտին. այստեղ անցկացվում են ֆուտբոլի, վոլեյբոլի պարապմունքները, ինչպես նաեւ մազական բոլոր միջոցառումները:

«Գավառի ավագանու որոշմամբ վերջերս Գավառի մարզադպրոցը կոչվեց մեր համաքաղաքացի Գրիշա Աբրոյանի անունով, ով ժամանակին մեծ ջանքեր է գործադրել մարզադպրոցի հիմնադրման ու զարգացման գործում, ու նրան մեր քաղաքում մարդիկ երախտագիտությամբ են հիշում նրա կատարած ներդրումը, նվիրվածությունը, թողած ժառանգությունը մարզական կյանքում։ Այս քայլը միաժամանակ նպաստեց, որ Գրիշա Աբրոյանի երեք որդիները նախաձեռնեն մարզադպրոցի կապիտալ հիմնանորոգումն ու կահավորումը, մարզումների համար լավագույն պայմանների ստեղծումը։ Մարզադպրոցի հիմնանորոգումը կնպաստի պարապմունքներն առավել բարեկարգ պայմաններում կազմակերպելուն եւ Գավառ քաղաքում մարզական կյանքի զարգացմանը։ Համոզված ենք, որ մեր քաղաքի մարզական հաջողություններն էլ ավելի ակնառու կդառնան։ Շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին,-նշեց Գավառի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարինե Մանուկյանը։

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am