Մանկապարտեզները պետք է հասանելի լինեն բոլոր երեխաներին. Փաշինյանը ներկայացրել է առաջիկա ծրագրերը

Armenpress 14:01, 29 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գործող իշխանությունները նպատակ ունեն առաջիկա հինգ տարիներին հանրապետության բոլոր երեխաների համար ապահովել հասանելիություն մանկապարտեզներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այս մասին նշեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երևանի Նորք Մարաշ վարչական շրջանի նախընտրական շտաբում համակիրների հետ հանդիպմանը:

Փաշինյանի խոսքով՝ հասանելիությունը պետք է ապահովվի Հայաստանի բոլոր բնակավայրերում:

«Շատ կարևոր է, որ պետությունն իմանա, թե նախակրթարաններում երեխաներին ինչ կրթություն է տրվում: Մենք վերջերս հավանության արժանացրեցինք նախակրթարանների մասին չափորոշիչները, որով հստակեցվում են, թե կոնկրետ տարիքային խմբերում երեխաներին ինչ կրթություն ու հմտություններ պետք է փոխանցել, ինչպես դա պետք է անել, ու ինչ արդյունքներ ակնկալել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հաջորդ խնդիրը, որին անդրադարձավ Նիկոլ Փաշինյանն, այն է, որ նախակրթարանների դաստիարակները պետք է ունենան որակավորում: Նրա խոսքով՝ համակարգում կան բազմաթիվ բարձր որակի մասնագետներ, սակայն չկա այնպիսի իրավիճակ, երբ ասվի, որ բացառվել է ոչ պատշաճ մասնագետների մուտքը նախակրթարան:  Դաստիարակների բարձր որակավորման համար գործարկվում է պարտադիր ատեստավորման մեխանիզմը: Այդ ատեստավորման գործընթացը նպաստելու է աշխատավարձերի բարձրացմանը: Որակավորում չանցած դաստիարակներին երկու անգամ հնարավորություն կտրվի որակավորվելու: Չստացվելու դեպքում պետությունը պետք է օգնի գտնել այլ աշխատանք:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am