Հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում լարվածության դինամիկան աճողական միտում ունի. Փաշինյան

Armenpress 18:33, 27 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում իրադրությունը լարված է, և այդ լարվածության դինամիկան աճողական է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց ՀՀ անվտանգության խորհրդի նիստի ընթացքում ունեցած ելույթում:

«Իրադրությունը ոչ միայն ստատիկ լարված է, այլև շարունակաբար լարվում է և մեծ հավանակնությամբ շարունակելու է լարվել: Վերջին 15 օրվա իրադարձությունների ընթացքում մեր տարածք ներթափանցած ադրբեջանական զինվորները և մեր զինվորները փոխներթափանցված վիճակում են: Եվ ինչո՞ւ է իրադրությունը լարվել. ոչ միայն այն պատճառով, որ մարդիկ արդեն 15 օր դեմ դիմաց կանգնած են, տարբեր միջադեպեր են գրանցվել և այդ լարվածությունը, ի վերջո, կարող է պայթեցնել իրավիճակը, այլև այսօրվա իրավիճակից հետո կա հավանականություն,  որ մեր զինված ուժերի ներկայացուցիչները կփորձեն նրանց գերի վերցնել, նրանք կփորձեն պատասխան քայլն անել և այսպես շարունակ»,- ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Նա հավելեց, որ իր գնահատականն այն է, որ իրավիճակը չհանգուցալուծելու պարագայում լայնածավալ բախում կարող է տեղի ունենալ:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am