Աստղաձորի մանկապարտեզի շենքը կկառուցվի գյուղի արեւելյան հատվածում

Armenpress 12:49, 26 Մայիս, 2021

ԳԱՎԱՌ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքում արդեն հայտնի է այն տարածքը, որտեղ պետական միջոցների հաշվին կմեկնարկի մանկապարտեզի շենքի շինարարությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Աստղաձոր համայնքի ղեկավար Ռոբերտ Օհանյանը, նորակառույց մանկապարտեզը վեր կբարձրանա գյուղի արեւելյան հատվածում, կենտրոնական ճանապարհից դեպի հյուսիս։ «Մանկապարտեզի կառուցման վայրն արդեն հաստատվել է ավագանու նիստում։ Նախնական համաձայնություն է ձեռք բերվել սեփականատերերի հետ, մնում է փոխել հողի գործառնական նշանակությունը եւ սկսել շինարարական աշխատանքները։ Մանկապարտեզն ունենալու է 6 700 քառակուսի մետր տարածք։ Նախագիծը պատրաստ է, մնում են մի շարք տեխնիկական խդիրներ, որոնց լուծումից հետո կմեկնարկի շինարարությունը։ Աստղաձորն իր պատմության մեջ երբեւէ չի ունեցել մանկապարտեզ, այն դեպքում, երբ այս պահի դրությամբ ունենք նախադպրոցական տարիքի 340 երեխա»,-ներկայացրեց համայնքի ղեկավարը։

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am