Բժշկական գիտությունների դոկտոր Հովհաննես Սարուխանյանին շնորհվեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում

Armenpress 14:44, 25 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ավագանին որոշեց առողջապահական համակարգում ներդրած նշանակալի ավանդի համար բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, պատվավոր պրոֆեսոր Հովհաննես Սարուխանյանին շնորհել «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության թիվ 3 ամբիոնի վարիչ Հովհաննես Սարուխանյանը նման կոչման է արժանանում նաև բժշկագիտության ոլորտում երկարամյա գիտամանկավարժական գործունեության և ունեցած ձեռքբերումների համար:

«Հովհաննես Սարուխանյանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի, Վիրաբույժների հայկական ասոցիացիայի նախագահ Մուշեղ Միրիջանյանի և Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանի կողմից: Երկար տարիներ Հովհաննես Սարուխանյանը զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարության վիրաբուժության գլխավոր մասնագետի պաշտոնը: Մեծ ավանդ ունի Արցախյան պատերազմի և Սպիտակի երկրաշարժի պատճառով տուժած անձանց աջակցելու և օգնելու առումով»,- նշեց զեկուցող Արմինե Վարդանյանը:

Որոշումն ընդունվեց միաձայն՝ 34 «կողմ» ձայներով:

Հովհաննես Վազգենի Սարուխանյանը ծնվել է 1938 թվականի մարտի 25-ին, Երևանում։ 1955-1961թթ. սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժկանխարգելիչ ֆակուլտետում: 2011թվականից ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 3 ամբիոնի վարիչն է: 2018թ. ամբիոնն անվանակոչվել է պրոֆեսոր Սարուխանյանի անունով: 1987-2018թթ. զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարության վիրաբուժության գլխավոր մասնագետի պաշտոնը: 1987-2015 թթ. եղել է Հայկական վիրաբուժական ասոցիացիայի նախագահը:

Մինչ օրս Հովհաննես Սարուխանյանը ղեկավարում է «Էրեբունի» և «Նաիրի» բժշկական կենտրոնների վիրաբուժական ծառայությունները:

2007թ. Հովհաննես Սարուխանյանին շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում, արժանացել է նաև մի շարք այլ պարգևների:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am